Առասպելներ և վիպերգեր

Հայկ և բել

Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով մարդ է։ խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ։ Բելը պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել բայց Հայկը, չկամենալով նրան հնազանդվեց Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին՝ Արամանյակի որդուն
Իսկ ինքը մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր։ Երբ Տիտանյան Բելը իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմը Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի։ Հայկը Բելի պատգամավորներին ետ է դարձնում, խստությամբ պատասխանելով։ Ուղարկվածը վերադառնում է Բաբելոն։ Ապա Տիտանյան Բելը զորք է հավաքում նրա դեմ և հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս, հասնում է հյուսիս՝ Արարադ երկիրը, Կադմոսի տան մոտ։Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշների, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերը աղի են և իրենց մեջ մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքերին ձայնելով, ասում է նրանց.

— Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած Կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։


Ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով, տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում։ Հայկը, տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց, կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով՝ ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, իսկ ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր ետևում, դասավորում է մոտավորապես՝ եռանկյունի ձևով և հանդարտ առաջ է շարժվում։

ղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում, և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է վայր ու շունչը փչում։ Իսկ ամբոխը, այս մեծ քաջագործությունը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձած կողմը։

Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Բելը քաջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որ այժմ ասվում է Գերեզմանակ։ Բայց Բելի դիակը դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հայք և թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց և որդիների։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Արա գեղեցւյ և Շամիրամ

Ճակատը ճերմակ ու վեհ՝ Մասսի ձյուների նման, կզակը՝ ամուր, համառ, քիթը կեռ, հանց լեռնային արծվի կտուց, աչքերը բիլ, ինչպես ծովակը Սևանա՝ վաղ արշալույսին։ Գեղեցիկ էր,

Եվ նրան ժողովուրդը Արա Գեղեցիկ էր ասում։

Ասորեստանի, այդ բիրտ, տաք ու տոչոր երկրի քաղաքամայր Նինվեում, նենգությամբ ու ղավով թագուհի դարձավ շամբշոտ Շամիրամը։ Շա՜տ էր նրան սիրում Նինոսը, Ասորեստանի ապաբախտ թագավորը։ Իսկ Շամիրամը նրան չէր սիրում։ Փառք էր սիրում։ Շամիրամի տենչանքը այլ էր։ Եվ ինչպես տաք անապատի օձ, փաթաթվեց ամուսնու վզով, պահանջեց։ Եվ մեղկացավ, և թուլացավ Նինոսը։ Եվ թույլ տվեց, որ կինը մի օր թագավորի։ Չզգաց, չհասկացավ խարդավանքը նրա։ Եվ բարձրացավ, նստեց ոսկեհուռ գահին Շամիրամը վատսիրտ, և հրամայեց ծառաներին անմիջապես զնդան նետել Նինոսին և գլխատել։ Եվ ահա բազմել էր գահին Հայոց թագավոր Արա Գեղեցիկը, ինչպես արեգակն արդար իր բարձունքում, կողքին կինը՝ Նուարդ թագուհին, և որդին՝ մանկահասակ Արան։ Եվ շուրջը հավաքվել էին հայոց մեծամեծները, երբ պալատ մտան Շամիրամ թագուհու պատգամավորները։ Նրանք երեքն էին։ Եվ նրանցից տարեցը, որ սև, գանգուր մորուք ուներ, մեծ ճակատ և ոտից գլուխ զինավառ էր, բարձրացրեց ձեռքը, իբրև հարգանքի նշան, և բարբառեց.

Արա Գեղեցիկին դուր չեկավ մեծագլուխ, մեծագոռոզ զորականի պահվածքը։ Եվ հանկարծ, ինչպես ամպրոպը պարզ եղանակին, որոտաց.

–   Ծունկի՛, ծունկի՛ իջիր, ամբարտավան, քո դեմ Հայոց թագավորն է նստած։

Շփոթվեց զորականը, վախեցավ։ Նայեց ընկերներին իր, նայեց շուրջը հավաքվածներին և հապաղեց պահ մի.

—  Ծունկի՜…– նորից որոտաց Արա Գեղեցիկը՝ բռունցքը զարկելով գահի բազկակալին։

Եվ ծնկեց զորականը, ծնկեցին մյուս երկուսը։ Եվ այդպես ծնկած, պատգամավորների ավագը նորից բարձրացնելով ձեռքը, որպես հարգանքի նշան, բարբառեց.

–   Աստվածայի՜ն Շամիրամը հրամայեց և ասում է. ո՜վ Արա Գեղեցիկ, գեղեցկագույնդ տղամարդկանց մեջ, իմաստունդ իմաստունների և վեհագույնդ թագավորների, ընդունիր նվերները այս, որպես սիրո առհավատչյա, և Նինվե ե՛կ, արի՛ Նինվե, կին առ ինձ, Ասորեստանի հզոր թագուհուս, և տեր դարձիր այն ամենին, ինչին տիրում էր ապաբախտ Նինոսը։ Եվ դու կդառնաս Ասորաց երկրի, Կորդովաց աշխարհի, Մարաստանի ու Հայաստանի, ամբողջ երկրի և տիեզերքի տերը… Ե՛կ, սփոփիր իմ սիրտը, որ թափուր է Նինոսի մահվանից հետո, ե՛կ տիրացիր անտեր երկրին և… ինձ։

Չտարավ այս սիրազեղ խոսքերը Հայոց Նուարդ թագուհին։ Փութով իր գիրկն աոավ փոքրիկ Արային և դուրս գնաց պալատի դահլիճից։ Շփոթվեց մի պահ Արա Գեղեցիկը, զգաց, որ իրեն գրավել էին Շամիրամի շամբշոտ խոսքերը, տարել հեռու: Եվ հավաքեց իրեն և զայրացած ասաց.

– Վե՛րջ: Լսել այլևս չեմ ուզում: Նուարդ, սպասիր, մի՛ հեռացիր: Անսա խոսքն իմ և պատասխանը:

Բայց շատ էր վիրավորված Նուարդը և ետ չնայեց: Շա՜տ էր խոցված:

Իսկ զորականը, որ պնդաճակատ էր, և համառ նույնպես, անվրդով շարունակեց.

– Եվ աստվածային Շամիրամը, ասաց նաև, իսկ եթե չես ցանկանում ընդունել նվերներն իմ և առաջարկը, ընդունիր գեթ խնդրանքը իմ, արի ինձ մոտ` Նինվե, որպես հյուր թանկագին, և կվերադառնա քո երկիրը, երբ սիրտդ կցանկանա:

– Գնացեք Նինվե,- ասաց Արա Գեղեցիկը, զսպելով զայրույթն իր,- գնացեք Նինվե, ո՜վ պատգամաբեր մարդիկ, և հաղորդեք աստվածային Շամիրամին, որ Հայոց թագավոր Արան չի ընդունում նրա ոչ առաջին պայմանը, ոչ երկրորդ խնդրանքը: Եթե կատարեմ առաջինը, դավաճանած կլինեմ երկրին հայոց, որին սիրում եմ ինձանից առավել, եթե կատարեմ երկրորդը, դավաճանած կլինեմ Նուարդին իմ, որին սիրում եմ ինձանից առավել: Հայրենիք-ընտանիք, երկուսն էլ ինձ համար սրբություն, երկուսն էլ պաշտելի: Հենց այսպես էլ բարբառեք աստվածային Շամիրամին: Եվ սա է վերջին խոսքն իմ:

Եվ պատգամավորները ձեռնունայն ետ դարձան իրենց եկած ճանապարհով դեպի Ասորեստան:

Երբ Շամիրամը հասու եղավ Արա Գեղեցիկի պատասխանին, գալարվեց զայրույթից, ինչպես դժնի օձը ավազներում, բայց զսպեց իրեն, քանզի այս մերժումից կրկնապատկվեց ցանկությունը նրա: Ապա նորից մարդիկ առաքեց երկիրը Հայոց, ավելի մեծամեծ նվերներով, ավելի սրտագին խնդրանքով, բայց Արա Գեղեցիկից ստացավ միշտ նույն պատասխանը. Չեմ դավաճանի իմ հայրենիքին, չեմ դավաճանի իմ ընտանիքին:

Եվ ահա եկավ, հասավ այն պահը, կատաղությունը ավելի զորեղ դարձավ, քան ցանկությունը սիրո: Եվ լցված եռացող զայրույթով, կատաղի Շամիրամը հրամայեց զորք հավաքել: Նա չկարողացավ խոսքով ու նվերներով տիրել Արա Գեղեցիկին, ուրեմն որոշեց տիրանալ զենքի ուժով:

Եվ ինչպես հեղեղը վաղ գարունքին, որ բարձրացնում, իրար է խառնում Տիգրիսի ու Եփրատի պղտոր ջրերը, հավաքեց իր իշխանության տակ եղած բազում ազգերի կռվող մարտիկներին և ահագնացած եկավ, եկավ, լցվեց աշխարհը Հայոց։

Բայց վավաշոտ Շամիրամը կովի էր ելել ոչ այնքան վրեժի, որքան Հայոց թագավորին գերելու մտքով։ Եվ երբ եկավ, բանակ դրեց Մասսյաց դիմաց փռված մեծ ու արգավանդ դաշտում, իր բեհեզե, ոսկեհուո վրանը կանչեց բոլոր զորավարներին և հրաման արձակեց՝ ինչ ուզում է լինի, ողջ ու անվնաս բռնեն Արա Գեղեցիկին, իր վրանը բերեն։ Եվ ավելացրեց նաև, որ եթե Արայի գլխից մի մազ անգամ պակասի, բոլորին կզրկի իրենց գլուխներից։

Եվ թռավ, եկավ բոթը, հասավ Արա Գեղեցիկին, թե Շամիրամ թագուհին անթիվ, անհամար զորքով բանակ է դրել երկրում Հայոց։ Եվ ահազանգը որոտի պես տարածվեց երկրով մեկ։ Հավաքվեցին նախարարները Հայոց իրենց գնդերով։ Եվ պատրաստվեց Արա Գեղեցիկը կռվի։ Զրահավորվեց նա, հագավ ոսկեկուռ լանջապանները, բազկապաններն ամրացրեց, կապեց հոր՝ Արամ թագավորի երկսայրի թուրը, վերցրեց վիշապազարդ վահանը։

– Զգո՜ւյշ եղիր, Արա,- մեկնելու պահին ասաց Նուարդ թագուհին,- դու չգիտես կանանց

խարդավանքը, որ սահման չունի։ Տղամարդը ճակատից է հարվածում, կինը ամեն կողմից։ Կռվելու ես գնում և մտքովդ չանցնի խաղաղություն ցանկանաս և ընդունես։ Նենգ Շամիրամի պարգևած խաղա¬ղությունը ստրկությունից էլ վատթար կլինի։ Հիշիր երկիրը քո, հիշիր Նուարդին, հիշիր մեր փոքրիկ, մանկահասակ Արային։

Հուզվեց Արա Գեղեցիկը, մոտեցավ, գրկեց տղային ոսկեգանգուր, գրկեց  մթնաթախիծ Նուարդին և ասաց.

–   Ինձ համար երկու ճանապարհ կա վերադարձի՝ հաղթանակ կամ մահ։ Արամի որդի Արան գիտի սիրել իր հայրենիքը և ընտանիքը իր։ Եվ կարող է գլուխը վար դնել հանուն այդ երկու սրբության։ Ուրեմն, մնաս բարյավ, Նուարդ։ Մնաս բարյա՜վ։ Եվ լավ նայիր մեր մանկամարդ Արային։

Եվ երբ արեգակը իր ոսկեփայլ շողերը փռեց մեծ Մասսի ձյունամած գագաթին և դեպի փոքր Մասսի կատարը իջավ, հնչեցին ասորաց զորքի հազարավոր փողերը` դաժան ու չարագուշակ, ասես դաշտում գիշակեր ագռավներ էին հավաքվել և կռնչում էին: Եվ սկսվե՜ց: Փայլեցնելով նիզակների սայրերը վաղորդյան արևի ցոլքերում, փողփողացնելով դրոշները` ասորաց բանակը ահարկու բաբանի նման խրվեց հայոց զորքի դասավորության մեջ:

Արա Գեղեցիկը պատյանից հանեց երկսայրի սուրը, բարձրացրեց գլխից վեր և ահեղագոչ կանչ արձակեց.

– Օ՜ն, առաջ, հայոց քաջեր, մեր դիմաց դաժան թշնամին է: Նա մեր հողն է ուզում գրավել, մեր սիրտը: Շամիրամ թագուհու շողոմքոր խոսքերը թույլ ալիքների պես բախվեցին իմ կամքի ամրակուռ ժայռերին և փրփրոտած, փշրված ետ դարձան: Հիմա էլ թող նրանց սրերն ու նիզակները կոտրվեն մեր պահապան վահաններին, թող թավալգլոր ընկնեն նրանք մեր այս լայն դաշտում, Մասսի հայացքի առաջ: Օ՜ն, առաջ, քաջերս, ցույց տանք, որ միայն խոսել չգիտենք, քանզի գործն է առաջնայինը: Ցույց տանք, որ կռվել գիտենք, և գիտենք, որ մեռնելը ստրուկ ապրելուց գերադաս է:

Ասաց Արա Գեղեցիկը, թափահարեց սուրը, ապա խթանեց ձին, մխրճվեց թշնամու բազմության մեջ, իր հետ տանելով հայոց քաջերին: Օրհասական էր այդ հարձակումը, օրհասական էր ճիգը, քանզի Արա Գեղեցիկը լավ էր տեսնում ասորաց զորքի ուժը, տեսնում էր, որ երկնի աստղերին թիվ ու համար կա, իսկ նրանց` ոչ:

Եվ նա հասկացավ, որ իր մահը միայն կարող է փրկել աշխարհը Հայոց անագորույն թշնամու ձեռքից:

Եվ մարտի մեջ մտավ Արա Գեղեցիկը այդ հավատը սրտում:

Իր աշխետ ձիուն նստած, ճերմակ պատմուճանը ուսերին, աջում սուրը բռնած, ձախում` ցոլարձակ վահանը, նա ասես ճախրեց օդում հանց պատերազմի աստված, աստծու նման բարձր, աստծու նման վեհ, աստծու նման գեղեցիկ:

Եվ ընկրկեցին շփոթված ու վախեցած ասորի զինվորները այդ տեսիլի դիմաց: Հրա՜շք էր ասես: Եվ զորացան հայերը, նետվեցին առաջ` սրամերկ ու անսասան: Թվաց, թե մոտ է հաղթանակը, իրենց թիկունքին, ինչպես հայոց բարձրիկ սարերը կողք-կողքի հզոր ու հավերժ…

Սակայն ճակատագիրը այլ ելք էր որոշել: Երբ Արա Գեղեցիկը, աջ ու ձախ հարվածելով, հալածում էր թշնամուն, չգիտես որտեղից մի դրուժան նետ դաժան սուլոցով ճեղքեց նրա ոսկեհուռ լանջապանը և մխրճվեց սիրտը նրա: Ձեռքից ընկավ վահանը, ընկավ սուրը և Արա Գեղեցիկը վար սահեց իր աշխետ ձիու թամբից:

եվ ասորի զինվորները սթափվեցին: Եվ ասորի զինվորները ետ դարձան ահեղ, սևակնած: Եվ նորից բորբոքվեց մարտը, ավելի դաժան, ավելի ահարկու: Դաշտը կարմրեց տաք արյունից, երկու կողմից էլ ընկան քաջեր` խամրած աչքերով ու խոր հառաչելով…

Եվ ահա երեկոյան, երբ մթնշաղը իջավ կռվի դաշտում, և անսպսաելի լռություն տիրեց, երբ լսելի էր միայն մեռնողների ու վիրավորների հառաչը և ագռավների սոսկալի կռավյունը, զինավառ, բայց գլխաբաց, գիսախռիվ, իր վրանից մենակ դուրս եկավ Շամիրամ թագուհին, շրջեց մարտադաշտում: Նա անցավ դիակից դիակ, մերթ որդուն կորցրած սիրակարոտ մոր պես լալով, մերթ լեշով սնվող շնագայլի պես ահարկու ոռնալով: Նա լալիս էր կորստի ցավից և զայրանում դարձյալ կորստից: Նա դաշտում փնտրում էր ընկած Արա Գեղեցիկին:

Եվ գտավ: Դիակների մեջ, մի բարձր տեղ, իր ճերմակ թիկնոցում, ասես պատրանքի մեջ պառկած էր նա դալուկ և անշարժ: Եվ դողացին Շամիրամի ծնկները, ձեռքերը նույնպես, և լալահառաչ, ասես մի անտես նետից խոցված, դիտապաստ ընկավ գետին: Նա դառնաղի ողբ ասելով, գրկեց Արա Գեղեցիկի գլուխը և լալահառաչ ձայնեց.

– Ո՜վ աստվածներ անգութ, նայեք, եթե կարող եք: Նրա ճերմակ ճակատին մլար է իջել: Նրա կապույտ աչքերը խամրել են: Օ՜, ցավ ինձ, եղուկ: Նա տապալվել է սոսյաց անտառից պոկված գեղուղեշ սոսու նման: Օ՜, ցավ ինձ, եղուկ: Լսո՞ւմ ես, Արա՛,   վեր կաց: Լսո՞ւմ ես, Արա, քե՛զ հետ է խոսում Շամիրամը, հզոր Ասորեստանի հզո՜ր թագուհին:

Եվ պահ մի ասես հրաշք կատարվեց: Շարժվեցին Արա Գեղեցիկի գունատ շուրթերը, և նա շշնջաց.

– Մնաս բարյա՜վ, Հայոց աշխարհ իմ, մնաս բարյա՜վ, Նուարդ…

Եվ լռեց:

Ցասումից ու անպատասխան սիրուց ոռնաց շամբշոտ Շամիրամը, վեր ելավ տեղից, կանգնեց ամբողջ հասակով: Մասսի լանջերից փչող քամին ծածանեց նրա արձակ մազերը:

– Ո՜վ Արա, դու ի՛մն ես: Ուրիշ ո՛չ ոքինը: Ես քեզ կենդանի էի տենչում, կենդանի էի ուզում, բայց դու մեռած ես: Ո՜չ…ո՜չ, ի՞նչ եմ ասում: Հզոր Շամիրամը չի թողնի, որ դու մեռնես, դու, որ իմը պիտի լինես: Ես կհրամայեն իմ աստվածներին, որ քեզ կենդանացնեն, որ քեզ կյանք տան միայն ի՛նձ համար, միայն ի՛նձ համար:

Եվ Շամիրամ թագուհին, որքան ուժ ուներ, ձայնեց.

– Հե՜յ, ո՞վ կա այդտեղ, զինվորնե՛ր, լսեցեք ձեր թագուհուն: Վերցրեք Արա Գեղեցիկի մարմինը, տարեք վրանը իմ: Հարալեզները այս գիշեր կլիզեն նրա վերքերը, կամոքեն… Եվ նա…և նա… Արա Գեղեցիկը կկենդանա:

Բացվեց առավոտը տխուր: Եվ ամբողջ գիշեր դիակի մոտ անքուն նստած Շամիրամը ետ տարավ գիսախռիվ մազերը դեմքից: Որքա՜ն գեղեցիկ էր Արան անշարժ, դալուկ շուրթերով, ճերմակ ճակատով:

– Ո՜վ անգութ ատսվածներ,- հառաչեց Շամիրամ թագուհին,- դուք քա՞ր եք Արայի գեղեցկության հանդեպ: Դուք նրան չե՞ք ուզում կյանք պարգևել…

Դրսից անսպապսելի զենքի շառաչ լսվեց, կռվի աղմուկ: Հայոց ցրիվ զորքը հենց իմացավ, որ թշնամին գերել է Արա Գեղեցիկի մարմինը, եկավ հավաքվեց, եռաց անսպասպելի զայրույթով: Եվ մինչ տխրամած Շամիրամը վրանում սգում էր իր կորուստը, հայոց զորքը հասկանալի պոռթկումով գրոհեց: Թշնամին հարձակման չեր սպասում և շփոթվեց: Ասորաց զորավարները մտածեցին, թե հայոց նոր, թարմ զորաբանակ է եկել: Եվ տեսնելով շփոթը` նրանք փութացին իրենց թագուհու վրանը և ձի նստեցնելով, փախան:

Հայոց քաջերը մտան Շամիրամի բեհեզ վրանը: Պառկած էր այնտեղ Արա Գեղեցիկը` հպարտ ու վեհ, ինչպես աստված: Նրանք վահաններից պատգարակ սարքեցին և, գլխիկոր ու տխուր տարան հողին հանձնելու նրան, որ ընկավ հենց այդ հողը ազատ տեսնելու ցանկությունը սրտում:

Այն դաշտի հյուսիսային կողմում, որտեղ եղավ այդ մեծ կռիվը, Մասսի դեմ-դիմաց, մի լեռ կա: Ասում են, այդտեղ է թաղված Արա Գեղեցիկը: Երբ նայում ես լեռանը, թվում է, թե նա իրոք պատկած է հենց այդտեղ: Հեռվից պարզորոշ երևում է նրա կիսադեմը` ճակատը ճերմակ, կեռ քիթը, համառ կզակը, իսկ մարմինը ծածկված է լայն պատմուճանով: Դա Արայի լեռն է:

Leave a comment